ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ականավոր խորհրդային տեսաբան ֆիզիկոս Սերգեյ Գրեդեսկուլն ու իր կինը սպանվել են իսրայելական Օֆակիմ քաղաքում։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Խոխլովը։
Ինչպես նշել է ակադեմիկոսը, նրանք գտնվել են իրենց տանը և զոհվել են հոկտեմբերի 7-ին բնակավայրի վրա ՀԱՄԱՍ–ի զինյալների հարձակման ժամանակ։
«Ես նրան լավ էի ճանաչում. նա շարունակում էր աշխատել Իլյա Միխայլովիչի հետ Խարկովից Մոսկվա տեղափոխվելուց հետո, հաճախ գալիս էր Ֆիզիկական խնդիրների ինստիտուտի տեսության բաժին։ 1991 թվականից Սերգեյ Անդրեևիչը Բեեր Շևեի Բեն Գուրիոն համալսարանում աշխատում էր որպես պրոֆեսոր, մի քանի տարի առաջ թոշակի էր անցել։ Նա 81 տարեկան էր։ Հիշատակը վառ լինի...»,– գրել է Խոխլովը։
Նա հիշեցրել է նաև, որ Սերգեյ Գրեդեսկուլն ականավոր տեսաբան ֆիզիկոս էր, ակադեմիկոս Իլյա Միխայլովիչ Լիֆշիցի ամենահայտնի աշակերտներից մեկը, «Չկանոնավորված համակարգերի տեսության ներածություն» դասական մենագրության (Իլյա Լիֆշիցի և Լև Պաստուրի հետ միասին) և ավելի քան 100 գիտական հոդվածների համահեղինակ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: