Խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր իրողությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբեր – Sputnik. Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նրանք հիմա իսկապես (ՌԴ խաղաղապահները. խմբ.) դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Դա խոստովանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրանց գտնվելու հետագա ձևաչափին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ», - ասել է Պեսկովը։
Միաժամանակ նա հավելել է, որ ՌԴ-ն կշարունակի շփումները նաև հայերի հետ:
Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ ռուսական խաղաղապահ զորախմբի վերատեղակայման հնարավորության հարց չի քննարկվել:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր իրողությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ասաց, որ ՌԴ-ն ԼՂ–ից խաղաղապահների դուրս գալու հետ կապված քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ, բայց քննարկումներ կան նաև Հայաստանի հետ։ Հարցին` եթե ՌԴ խաղաղապահներն Արցախից դուրս գան, հնարավո՞ր է, որ գան Հայաստան և մնան Հայաստանում, Փաշինյանը պատասխանեց, որ դրա մեջ տրամաբանություն չկա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Խաղաղապահ զորակազմը տեղակայվեց 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն պետք է երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: