Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում իրանական IRIB հեռուստառադիոընկերության գրասենյակը

Արխիվային լուսանկար
IRIB-ը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ համարելով, որ նման քայլը նպատակ ունի «լռեցնել նրանց ձայնը, ովքեր ձգտում են բացահայտել Իսրայելի հանցագործությունները Գազայի հատվածում»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը գնդակոծել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության IRIB կորպորացիայի գրասենյակը, որը գտնվում է Գազայի հատվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
Ըստ IRIB-ի հայտարարության՝ նախօրեին Իսրայելը գնդակոծել է իրանական Press TV-ի և արաբալեզու Al-Alam-ի համատեղ գրասենյակը, որը գտնվում է Գազայում։
IRIB-ը դատապարտել է Իսրայելի գործողությունները Պաղեստինի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, ասելով, որ այդ քայլը նպատակ ունի «լռեցնել նրանց ձայնը, ովքեր ձգտում են բացահայտել Իսրայելի հանցագործությունները Գազայի հատվածում»:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հակամարտության սրման հետևանքով Իսրայելի բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 1200-ը, գրում է Times of Israel թերթը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1100-ը։
Հակամարտության զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ։