ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի ռազմածովային օբյեկտներին, որոնք շարժումն օգտագործում է իսրայելական ափերը գրոհելու համար։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Վերջին ժամերի ընթացքում ՀԱՄԱՍ–ի ռազմածովային թիրախները, այդ թվում Խան–Յունիսի և Գազայի նավանորոգարանները, որոնք ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունն օգտագործում էր իսրայելական ափերին ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, հարձակման են ենթարկվել», – հայտարարել են իսրայելցի զինվորականները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: