ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` 2023 թվականին ՀՀ տնտեսական աճը կկազմի 7 տոկոս։ Տվյալները հրապարակվել են ԱՄՀ–ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» նոր զեկույցում։
ԱՄՀ–ն 2023 թ. ապրիլին կանխատեսել էր, որ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 5.5% կկազմի։
Հիմնադրամը 2024 թ. համար կանխատեսում է 5%–անոց տնտեսական աճ:
ԱՄՀ–ն կանխատեսում է արել նաև 2028 թ. համար։ Ըստ հանձնաժողովի` ՀՀ տնտեսական աճն այդ տարի կկազմի 4,5%։
Նշենք, որ ՀՀ 2023 թ. պետական բյուջեի հիմքում դրված էր ՀՆԱ–ի հենց 7 տոկոսանոց աճը։ Իսկ ըստ ՀՀ կենտրոնական բանկի սեպտեմբերյան կանխատեսման` տնտեսական աճը կկազմի 7.2 տոկոս:
Տարածաշրջանի վերաբերյալ իր գնահատականներում ԱՄՀ–ն տնտեսական աճի ամենաբարձր կանխատեսումն արել է ՀՀ համար: Վրաստանի դեպքում 2023 թ. կանխատեսումը եղել է 6.2%, 2024 թ. համար՝ 4.8%:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հիմնադրամը թե 2023 թ., թե 2024 թ. համար կանխատեսել է ընդամենը 2.5 տոկոս տնտեսական աճ:
Արժույթի միջազգային հիմնադրամը տվյալներ է հրապարակել նաև սպառողական գների ինդեքսի մասին։ Ըստ դրանց` այս տարի Հայաստանում ակնկալվում է 3.5%, իսկ 2024 թ. 4% գների աճ:
Գործազրկության մակարդակը, ԱՄՀ կանխատեսմամբ, 2023 թ. կլինի 13.5%, իսկ 2024 թ.` 14%։