ՀՀ ԱԽ քարտուղարը հայ-ադրբեջանական հարաբերություններն է քննարկել Լուի Բոնոյի հետ

Արմեն Գրիգորյանը ընդունել է Լուի Բոնոյին
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը։
Ավելի վաղ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։