ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 167 երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ։ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրանցից 504–ը Սյունիքի մարզում են, 586–ը` Գեղարքունիքում, 1710–ը` Արարատում, 243–ը` Վայոց Ձորում, 2124` Կոտայքում, 564–ը` Արագածոտնում, 1045-ը` Արմավիրում, 486-ը` Շիրակում, 702–ը` Լոռիում, 364–ը` Տավուշում, իսկ 3839–ը Երևանի տարբեր դպրոցներում են։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։