:ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. 21-րդ դարում ԼՂ ժողովրդի՝ իր հայրենիքից զանգվածային տեղահանման կանխման ձախողումը հերթական անգամ վկայում է նման իրավիճակներում միջազգային դերակատարների կողմից հստակ քայլերի անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի:
«Անդրադառնալով Հարավային Կովկասոմ տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից խաղաղության գործընթացում կառուցողական ներգրավվելու անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրման շուրջ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։