ԱՄՆ–ն դաշնակիցների հետ մեծ աշխատանք է տանում ԱՊՀ–ում իրավիճակը խարխլելու համար. Բորտնիկով

Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը նշել է, որ ԱՊՀ սահմաններում էապես ավելացել է հակամարտային ներուժը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն իր դաշնակիցների հետ լայնածավալ աշխատանք է սկսել ԱՊՀ երկրներում իրավիճակը խարխլելու ուղղությամբ։ Նրանք փորձում են քաղաքական ճգնաժամերի նախադրյալներ և «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրագործման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ, ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները կենտրոնացրել են ուժերը ԱՊՀ հարավային սահմաններում իրավիճակը խարխլելու համար, այդ նպատակով ծրագրում են օգտագործել Իրաքում, Սիրիայում և ասիական և աֆրիկյան մի շարք այլ երկրներում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին, ինչպես նաև նրանց տեղափոխել Աֆղանստանի հյուսիս։
ԱՊՀ տարածքում անկայունության օջախներից չի շահի նույնիսկ ԱՄՆ–ն. ՌԴ ԱԳՆ
Նրանց նպատակը, ՌԴ ԱԴԾ ղեկավարի խոսքով, նախևառաջ Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թուրքմենստանում իշխանությունը զավթելն է, դրանք այսպես կոչված «Համաշխարհային խալիֆայության» մեջ ներառելը։
«Տեղեկություն ունենք, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների շարքերը համալրած Կենտրոնական Ասիայի հանրապետությունների քաղաքացիները սահմանային գոտու տեղազննում են իրականացնում և պարզում խոցելի հատվածները` այնտեղ դիվերսիոն խմբեր և ահաբեկչության միջոցներ տեղափոխելու համար», – հավելել է նա։
Բացի այդ, ըստ Բորտնիկովի, ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն «աֆղանական սպառնալիքի» դեմ պայքարի պատրվակով Կենտրոնական Ասիայի երկրներին ակտիվորեն ռազմատեխնիկական համագործակցության և սահմանային անվտանգության գծով ծառայություններ են պարտադրում, որպեսզի ռազմական ճանապարհով «յուրացնեն» ԱՊՀ տարածքը։
Որքան է ծախսում ԱՄՆ-ն ԱՊՀ երկրներում «ժողովրդավարությանն» աջակցելու համար
Նրա խոսքով` հավաքական Արևմուտքը, անտեսելով միջազգային իրավունքի հաստատված նորմերը` վախեցնելու առավել արդյունավետ ձևեր է փնտրում, սեպ խրում ԱՊՀ երկրների և նրանց հարևանների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններում։
«Արևմուտքի ներկայացուցիչների հատուկ ջանքերն ուղղված են վերահսկողությունից դուրս գտնվող միջպետական միավորումների խարխլմանը և դրանց մասնակիցների բաշխմանը այլընտրանքային ձևաչափերով, ինչը խզում է կայացած առևտրատնտեսական, քաղաքական և պատմամշակութային կապերը։ Հիմնական թիրախներից են Եվրասիայի տարածքի ինտեգրացիոն նախագծերը. ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ՇՀԿ», – նշել է Բորտնիկովը։
Նա նշել է, Արևմուտքն իր հատուկ ծառայությունների, ինչպես նաև կառավարվող հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ–ների միջոցով աշխատանք է տանում ԱՊՀ երկրներում ազգամիջյան և միջկրոնական պառակտում, ռազմական հակամարտություններ հրահրելու ուղղությամբ` այդպիսով քաղաքական ճգնաժամերի նախադրյալներ և «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրագործման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։
Նարիշկինը հայտարարել է ԱՊՀ երկրներում հակամարտություններ հրահրելու` ԱՄՆ փորձերի մասին