Հանրայինի եթերում Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Վարչապետը հայտարարել է, որ հակառակ առկա պնդումներին, Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր չի փոխել:
Փաշինյանը չի հերքել, որ հարաբերությունների բարդություններ կան և՛ Ռուսաստանի և՛ Հայաստանի համար, և՛ նույնիսկ աշխարհի ու գլոբալ աշխարհակարգերի համար։ Եվ պրոբլեմը, ըստ նրա, ոչ թե ՌԴ-ՀՀ հարաբերությունների մեջ է, այլ մեծ տերությունների։Այդուհանդերձ, Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը Ռուսատանի հետ հարաբերություններում ոչ մի պարտավորությունից չի հրաժարվել:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ռուսատանի հետ ռազմական համագործակցության խնդրին։ Նա հայտարարել է, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահների վերաբերյալ հարց չի բարձրացվել:
«Ռուսական ռազմակայանի՝ Հայաստանում գտնվելու հիմքերը շատ պարզ են, այդ հիմքերը շարունակում են գոյություն ունենալ, և մենք դրա հետ կապված ոչ մի հարց չենք բարձրացնում»,– ասաց նա։
Հարցին` եթե ՌԴ խաղաղապահներն Արցախից դուրս գան, հնարավո՞ր է, որ գան Հայաստան և մնան Հայաստանում, Փաշինյանը պատասխանել է` դրա մեջ տրամաբանություն չկա։