ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր կնքեցին` հաշվի առնելով սեպտեմբերի 17–ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
«Մենք ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, որոշեցինք կյանքի կոչել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախընտրական ծրագրերը և սկսել համագործակցություն` ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի զարգացման և Երևանցիների բարօրության»,–ասաց Ավինյանը։
Հարցին, թե ինչ է ենթադրում այս հուշագրի ստորագրումը, Ավինյանը պատասխանեց, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին, այսինքն` գործադիր մարմնում նշանակումները կատարվելու են փոխհամաձայնեցված։
Տիգրան Ավինյանն ու Արտակ Զեյնալյանը
© Sputnik / Asatur Yesayants
Հիշեցնենք` Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ: Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշել էին չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացվեն։ Նիստին, սակայն, քվորում ապահովվեց, քանի որ ՔՊ–ից բացի ներկա էին նաև «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամները։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացել է 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14,
«Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7,
«Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8,
«Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։