Սերս համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Նա գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,2 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3.000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով տրամադրել է Արարատ քաղաքի բնակիչ Թ.Հ.-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավար Տ.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Տեղեկությունը հայտնում ՀՀ դատախազությունը։
Պարզվել է, որ Տ.Մ.-ն 2006 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի ղեկավարի պաշտոնը, գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,2 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3.000 դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով 2010 թվականի հուլիսի 6-ին տրամադրել է Արարատ քաղաքի բնակիչ Թ.Հ.-ին:
«Թ.Հ.-ն ալեհավաք կայան տեղադրելու նպատակով ենթավարձակալության պայմանագիր է կնքել «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ կապի օպերատորի հետ և մինչև Սերս համայնքի ղեկավար Տ.Մ.-ի պաշտոնավարման ավարտը կապի օպերատորից ստացել 3 մլն 840 հազար դրամ շահույթ, որից Սերս համայնքի բյուջե վճարվել է ընդամենը 18 հազար դրամը»,– նշված է հաղորդագրությունում:
Դատախազը միջնորդագիր է ուղարկել Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարան՝ Թ.Հ.-ի հետ պայմանագրերը լուծելու և կապի օպերատորի հետ համայնքի անունից նոր պայմանագիր կնքելու նպատակով։
«Հաշվապահը» Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն դրամ է հափշտակել
Ներկայացված միջնորդագրի հիման վրա Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանի կողմից Սերս համայնքի և Թ.Հ.-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրը լուծվել է. միջոցներ են ձեռնարկվել համայնքապետարանի և «Յուքոմ» ՓԲ ընկերության միջև նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ։