ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում: Այս մասին Երևանի ավագանու անդրանիկ նիստում հայտարարեց ՔՊ կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին կոչերին։
«Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների ԼՂ-ից բռնի տեղահանումը, բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու և սատարելու գործում: Իսկ նոր ընտրություններն այս փուլում ոչնչով չէին նպաստելու դրան։ Ավելին, շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ, կարծում եմ, ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»,–ասաց Ավինյանը:
Հիշեցնենք՝ ժամը 10-ին մեկնարկած Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցում է 37 ավագանու անդամ, այսինքն՝ քվորում կա։
Ավելի վաղ Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշել են չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացնեն։
«Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը, սակայն, հայտարարել է, որ դեմ է կրկնակի ընտրություններին և ավելի շուտ կսատարի գործող իշխանության թեկնածուին, քան նախորդ իշխանության ներկայացուցիչներին:
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացել է 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։