Արցախից տեղահանվածներից 264–ը դեռ բուժվում են ՀՀ ԲԿ-ներում, 12–ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հիվանդանոց
Առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված են ԼՂ–ից բռնի տեղահանված 18 786 քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 264–ը շարունակում են բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 97-ի վիճակը ծանր է, 12–ինը` ծայրահեղ ծանր։ Այս տվյալները ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
«7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է»,–ասաց նա։
Ջումայանը նշեց, որ առողջապահության նախարարության համակարգմամբ մի քանի բուժառուներ բուժում են ստանում ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում և Բուլղարիայում։
«Գործընթացը շարունակվում է։ Այսօր արդեն կունենանք պացիենտներ, որոնք իրենց բուժումը կշարունակեն Իսպանիայում»,–ասաց նա։
Նրա խոսքով` այս պահին առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված են ԼՂ–ից բռնի տեղահանված 18 786 քաղաքացի, այդ թվում` 5 600 երեխա, ավելի քան 250 հղի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։