Կիպրոսն իր տարածքը կտրամադրի Իսրայելից տարհանվող օտարերկրյա քաղաքացիների համար. ԱԳՆ

Կիպրոսի ԱԳՆ շենքը
ESTIA հատուկ ազգային պլանը ակտիվանում է արտակարգ իրավիճակների կամ ճգնաժամի դեպքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Կիպրոսն իր տարածքը կտրամադրի Իսրայելից տարհանվող օտարերկրյա քաղաքացիների համար, գործարկվել է ESTIA հատուկ ազգային ծրագիրը: Այս մասին հայտնում է Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրավիճակը, որը ծագել է Իսրայելում լայնածավալ ահաբեկչական գործողություններից հետո, արտաքին գործերի նախարար դոկտոր Կոնստանտինոս Կոբոսը այսօր` հոկտեմբերի 10-ին, հավաքել է Ճգնաժամային կառավարման նախարարական խումբը, որի կազմում են արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարն ու արդարադատության և հասարակական կարգի նախարարը:
Նախարարական խումբը որոշում է ընդունել Կիպրոսի Հանրապետության տարածքով ճգնաժամային իրավիճակում գտնվող տարածաշրջանից օտարերկրյա քաղաքացիների ընդունելության և հայրենադարձության ESTIA հատուկ ազգային ծրագրի ակտիվացման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
ESTIA հատուկ ազգային ծրագիրը ակտիվանում է արտակարգ իրավիճակների կամ ճգնաժամի դեպքում` Կիպրոսի տարածքով մոտակա ճգնաժամային տարածաշրջանից քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար: Այն կարող է կիրառվել նաև տարածաշրջանում բնական աղետների դեպքում, որը նույնպես կարող է հանգեցնել Կիպրոսի տարածքով ԵՄ և երրորդ երկրների քաղաքացիների տարհանմանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։