ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական բանակը լայնածավալ հարձակում է սկսում Գազայի հատվածի վրա ։ Սահմանից ոչ հեռու իսրայելցի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «The Times of Israel»–ին։
«Ես հանել եմ բոլոր սահմանափակումները, մեզ մոտ վերականգնվել է վերահսկողությունը Իսրայելի տարածքի նկատմամբ, և մենք անցնում ենք լայնամասշտաբ հարձակման», - ասել է նախարարը։
Դիմելով զինվորականներին՝ Գալանտն ընդգծել է, որ նրանց վրա մեծածավալ խնդիրներ են դրվելու։
«Դուք իրականությունը փոխելու հնարավորություն կստանաք։ ՀԱՄԱՍ-ը փոփոխություն էր ուզում Գազայում, ամեն ինչ կփոխվի 180 աստիճանով՝ համեմատած այն բանի հետ, ինչ նրանք ակնկալում էին: Նրանք կզղջան այս պահի համար», - նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: