Ի՞նչ կլիներ, եթե Ալիևը գնար Գրանադա. պարզաբանում է Փաշինյանը

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը խոսեց Գրանադայում ստորագրած փաստաթղթի թերության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում` պատասխանելով հարցին, թե ինչու Իլհամ Ալիևը չգնաց Գրանադա։ Նա նշեց, որ այս մեկնաբանությունը հետագայում ստուգելու հնարավորություն կլինի։

«Եթե Գրանադայում ստորագրված փաստաթղթի ներքո լիներ նաև Ադրբեջանի ստորագրությունը, հավանականությունը, որ մինչև տարեվերջ կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70 տոկոսից բարձր կլիներ»,– ասաց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Գրանդայում ստորագրված փաստաթղթով, մի շարք հարցերից բացի, դատապարտվել է ԼՂ–ի նկատմամբ Ադրբեջանի ուժի գործադրումը։
«Արձանագրվեց նաև ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց ԵՄ և ԱՄՆ պատրաստակամությունը աջակցել Հայաստանին հումանիտար գործընթացը կառավարելու առումով»,– ասաց Փաշինյանը։
Այս հայտարարության թերությունը, ըստ ՀՀ վարչապետի, այն է, որ քառակողմ է, ոչ հնգակողմ։
«Ադրբեջանի ստորագրության բացակայությունը իհարկե թերություն է»,– ասաց նա։
Բայց չնայած դրան` Փաշինյանը վստահ է, որ արևմտյան տիրույթում ձևավորվել է պաշտոնական ըմբռնում, որ Գրանդայում ընդունված հայտարարությունը պետք է լինի ապագա խաղաղ կարգավորման հիմքը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։