ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում կներկայացվեն ռազմահայրենասիրական կազմակերպությունների հետ ՏՏ ընկերությունների համագործակցության օրինակներ: Այս մասին հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում սպասվող ցուցահանդեսին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Նա հստակեցրել է, որ ներկայացվելու են ոչ թե պաշտպանության նախարարության, այլ ՀԿ-ների՝ «ՈՄԱ»-ի, «Ազատազէն»-ի և Lazertag-ի հետ իրականացված նախագծերը: Կարապետյանը հավելել է, որ միությունն օգնում է ՈՄԱ-ի ռազմամարզական հավաքներին, ինչպես նաև «Գմբեթ» պաշտպանական կառույցների կառուցմանը և մյուսներին էլ կոչ է անում նույնը անել։ Այս տեսակի ցուցադրական բլինդաժը կառուցվում է «Մերիդիան» էքսպո կենտրոնից ոչ հեռու, որտեղ անցկացվելու է ցուցահանդեսը:
Lazertag-ը էլեկտրոնային հրաձգային սիմուլյատոր է դաշտային մարզումների համար՝ առանց մարտական զենքի օգտագործման։
Կարապետյանը հստակեցրել է, որ ներկայում պաշտպանական տեխնոլոգիաների ձեռնարկություններն առանձնանում են UATE-ի շարքերից և սեփական ճյուղային միությունն են ստեղծում, իսկ UATE-ին կմնան օժանդակ և ուսումնական նախագծերը (այդ թվում՝ «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիաները):
UATE նախագահության անդամ, Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը նշել է, որ եթե խոսենք նոր պաշտպանական տեխնոլոգիաների մասին, ապա ցանկացած երկրում դրանց մակարդակի մասին կարելի է բավարար ճշգրտությամբ դատել քաղաքացիական արդյունաբերությունից ելնելով։
«Ի՞նչ կարող է հիմա արտադրել Հայաստանը։ Պատասխանելով այս հարցին՝ կարելի է հասկանալ, թե ինչի վրա պետք է հույս դնել պաշտպանական ոլորտում։ Բայց առաջընթաց, այնուամենայնիվ, կա. եթե մինչև 2016 թվականը պաշտպանական տեխնոլոգիաներ գրեթե չունեինք, ապա հիմա հայտնվել են ընկերություններ, որոնք իրենց արտադրական հարթակներն ու մշակումներն ունեն։ Մեր միությունն օգնում է կադրեր պատրաստել նման նախագծերի համար, այդ թվում՝ դպրոցական ինժեներական լաբորատորիաների միջոցով»,-հավելել է Մինասյանը։
Նշենք, որ «ԴիջիԹեք» ցուցահանդեսին մասնակցությունը, ինչպես և նախորդ տարիներին, անվճար կլինի, սակայն այս տարի այցելուները պետք է գրանցվեն ցուցահանդեսի պաշտոնական կայքի միջոցով (digitec.am)։