ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի– Sputnik. Հայաստանն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում։ Տեղեկությունը X–ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
«Այսօրվանից Բելգիայում ՀՀ դեսպանության դիվանագետը մշտապես գտնվելու է Լյուքսեմբուրգում», - գրել է նա։
Բադալյանը նշել է, որ Դիվանագետի ներկայությունը կնպաստի երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ.հունիսի 11-ին: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը ՝ Հաագա): 2021 թվականի փետրվարի 10-ին նա իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի մեծ Դուքս Անրիին: 2017թ. ապրիլի 28-ին Սուրեն Զոհրաբյանը նշանակվել է Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս: