ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը քննարկել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում հայտարարել է, որ ութ անկլավ կա, որոնք, ըստ նրա, օկուպացված են Հայաստանի կողմից, և դրանք պետք է ազատագրել։
«Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Այս առումով կարևորվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության հիմնական ուղերձներին գործընկերների աջակցությունը:
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի բացահայտ մտադրության մասին՝ հավելելով, որ միջազգային հանրությունը փաստացիորեն չկարողացավ գործուն քայլերով կանխել այդ մտադրության իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին և միջազգային գործընկերների հետ այդ հարցում փոխգործակցությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: