Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով բանակցությունների. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
«3+3» ձևաչափով հանդիպումների մասին ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցել «3+3» ձևաչափով։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»,– ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «3+2» ձևաչափով առաջին և առայժմ վերջին հանդիպումը (Վրաստանը մինչ օրս հրաժարվում է մասնակցել հարթակի աշխատանքներին. խմբ.) տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։
Իսկ 2023 թ. սեպտեմբերի 26–ին Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին հերթական հանդիպման ժամանակ հետաքրքրություն են հայտնել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։