Հայաստանում ռուսական 102–րդ ռազմաբազայի և սահմանապահների հարց չի բարձրացվել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` ռուսական ռազմակայանի՝ Հայաստանում գտնվելու հիմքերը շատ պարզ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների վերաբերյալ հարց չի բարձրացվել: Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսական ռազմակայանի՝ Հայաստանում գտնվելու հիմքերը շատ պարզ են, այդ հիմքերը շարունակում են գոյություն ունենալ, և մենք դրա հետ կապված ոչ մի հարց չենք բարձրացնում»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահներին, ապա վարչապետը նշեց, որ ԼՂ-ում նրանց մնալ-չմնալու հարցը միայն Հայաստանից չէ կախված։
«Այդ թեմայով ՌԴ-ն որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ: Մեզ հետ էլ ունեն քննարկումներ: Այս հարցի հետ կապված ես չեմ կարող շատ ուղիղ և կոնկրետ պատասխան տալ»,- ասաց նա:
Հարցին` եթե ՌԴ խաղաղապահներն Արցախից դուրս գան, հնարավո՞ր է, որ գան Հայաստան և մնան Հայաստանում, Փաշինյանը պատասխանեց` դրա մեջ տրամաբանություն չկա։
«Նրանք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն են։ Եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, պետք է գնան Ռուսաստան։ Այլ հարց է՝ նրանք Ադրբեջանո՞վ կգնան դեպի Ռուսաստան, թե՞ Հայաստանով: Չեմ կարծում, թե դա սկզբունքային հարց է: Բայց Հայաստանում նրանց մնալու ոչ մի իրավական հիմնավորում չկա և չի կարող լինել»,– ասաց նա։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր իրողությանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` ՌԴ խաղաղապահներն իրենց դիտակետերից 7-ն արդեն փակել են։