ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիացի առաջին զինվորականները սկսել են լքել Նիգերը։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով երկրի գլխավոր շտաբին:
Ավելի վաղ Նիգերում իշխանությունը ստանձնած զինվորականները հայտարարել էին, որ ֆրանսիական ուժերը երկրից դուրս բերելու գործողությունը կսկսվի հոկտեմբերի 10–ին:
«Զինուժի առաջին դուրսբերումն արդեն սկսվել է։ Այն ընթանում է ըստ ծրագրի, համակարգումը շարունակվում է»,– ասված է հաղորդագրությունում։
Սեպտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ ֆրանսիացի զինվորականները Նիգերը կլքեն մինչև 2023 թ. վերջը:
Հիշեցնենք` Նիգերում հուլիսի 26–ին նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ ապստամբություն բարձրացրին և հայտարարեցին նախագահ Մոհամմեդ Բազումի պաշտոնանկության մասին: Երկիրը կառավարելու համար ստեղծվեց հայրենիքի պաշտպանության ազգային խորհուրդ՝ գվարդիայի հրամանատար Աբդուրահման Տչիանիի գլխավորությամբ։ Արդեն օգոստոսի 10–ին Տչիանին անցումային շրջանի կառավարություն ձևավորելու մասին հրամանագիր ստորագրեց։
Նիգերի Հանրապետությունը` որպես նախկին ֆրանսիական գաղութ, Սահելում արևմտյան երկրների վերջին դաշնակիցներից մեկն էր: Բացի այդ, երկիրն ունի ուրանի հարուստ պաշարներ։ Ինչպես նշում են ֆրանսիական ԶԼՄ–ները, աֆրիկյան այս երկրին բաժին է ընկնում ուրանի 15–17 տոկոսը, որն օգտագործվում է Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի արտադրության համար: Նիգերում տեղակայված է մոտ 1500 ֆրանսիացի զինվոր։