ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսով քննարկել են պաղեստինա–իսրայելական սրացումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի առաջնորդի գրասենյակին։
Նշվում է, որ զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև մտահոգիչ հակամարտային գործընթացը և լարվածության աճը կանխելու միջոցները։
Կողմերը գնահատել են նաև նախաձեռնությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել պաղեստինա–իսրայելական սրացման շրջանում մարդասիրական կարիքների բավարարման համար։
Էրդողանն ասել է, որ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունը մտահոգություն է առաջացնում, Անկարան չի ողջունում նման նախաձեռնությունները։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան հետագայում ևս ջանքեր կգործադրի տարածաշրջանում հանգստություն ապահովելու համար», – հավելել են Թուրքիայի առաջնորդի գրասենյակից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: