Դեսանտիսն Իրանին մեղադրել է ՀԱՄԱՍ–ի գրոհները ծրագրելու մեջ և նոր պատժամիջոցների կոչ արել

Ամերիկացի քաղաքական գործիչը կարծում է, որ ԱՄՆ կառավարությունը ստեղծված հանգամանքներում հնարավորություն ունի ձեռնարկելու վճռական միջոցներ, որոնք էապես կփոխեն իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետ, հանրապետական Ռոն Դեսանտիսը պաղեստինա–իսրայելական հակամարտության սրացման հետ կապված հանդես է եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով` Թեհրանին մեղադրելով ՀԱՄԱՍ շարժման գրոհները կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երբ Իրանն ավելի շատ գումարներ է ստանում, նա այդ գումարները չի օգտագործում Իրանի ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար։ Նա ներդնում է դրանք Մերձավոր Արևելքում ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Նա գումար է ուղարկում «Հեզբոլլահին», ՀԱՄԱՍ–ին։ Եվ դա հենց այն է, ինչին մենք ականատես եղանք։ Եվ այո՛, Իրանը մասնակցել է Իսրայելի վրա հարձակումների կազմակերպմանը։ Մենք դա ագիտենք, այդ մասին հայտնել էին», – ասել է Դեսանտիսը մամուլի ասուլիսի ժամանակ, որը նա անցկացրել է Ֆլորիդայի նահանգում։

Նահանգապետի կարծիքով` ստեղծված հանգամանքներում հնարավորություն կա վճռական միջոցներ ձեռնարկելու, որոնք «էապես կփոխեն իրավիճակը»։
Իսրայելի պաշտպանության բանակը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի 2 առանցքային դեմքերին
Նրա խոսքով` նման քայլերից մեկը պետք է լինի Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, որոնք շրջանի ղեկավարն անձամբ է պատրաստ նախաձեռնել հարազատ նահանգում` որպես օրինակ մյուսների համար։
«Հաջորդ օրենսդրական նստաշրջանում մտադիր ենք առաջարկ ներկայացնել Իրանի նկատմամբ Ֆլորիդայի պատժամիջոցները խստացնելու և մեր նահանգում իրանական բիզնեսն արգելափակելու վերաբերյալ», – ասել է Դեսանտիսը։
Վերջին երկու օրերին ամերիկյան լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ պաղեստինական շարժման աղմկահարույց գրոհներին Իրանի հնարավոր առնչության թեման։ Թեհրանը պաշտոնապես հերքում է այդ իրադարձություններին իր ներգրավվածությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով