ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները քաղաքական ենթատեքստ չունեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ խնդիրները շատ ավելի առաջ են ծագել և հիմա, ըստ էության, կարգավորվել են»,– ասաց նա։
Վարչապետը հերքեց այն խոսակցությունները, թե ՌԴ–ն փակում է իր շուկան ՀՀ–ի առջև։ Նա հավաստիացրեց, որ ԵԱՏՄ շրջանակում բոլոր տնտեսական հարաբերությունները կարգավորվում են։
«Վերջին 20 տարվա ընթացքում քանի՞ անգամ է նման իրավիճակ եղել։ 100–ավոր անգամներ։ Ու ամեն անգամ եզրակացություններ անելու համար պետք է նրբություններին ծանոթ լինենք»,– ասաց Փաշինյանը։
Նա տնտեսվարողներին կոչ արեց այս հարցում ավելի մեծ սկզբունքայնություն դրսևորել և լրջորեն հետևել որակի ստանդարտներին։ ՀՀ վարչապետի խոսքով` եթե որակի ստանդարտները լինեն պատշաճ, ապա շուկաների բացել–փակելու խնդիր չի լինի։
Հիշեցնենք` հայկական կոնյակի նկատմամբ հսկողությունը սկսվել է այս տարվա մարտ-ապրիլից, իսկ հոկտեմբերի 1-ից Վերին Լարսի անցակետում հսկողությունն ուժեղացվել է։ Ռուսական կողմը դա պայմանավորում է նրանով, որ կոնյակի որակի հետ կապված խախտումներ կան և ստիպված են սահմանին ավելի խիստ հսկողություն իրականացնել, որ անորակ կոնյակ չմտնի ՌԴ։ Ըստ ռուսական կողմի՝ բավականին հաճախ են նման խախտումներ հայտնաբերվում։
Կոնյակով բեռնված տասնյակ մեքենաներ սեպտեմբերի 25-ից մի քանի օր մնացել էին Վերին Լարսի անցակետում` սպասելով փորձաքննության պատասխանին։