Բորելը Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարներին հրավիրել է ԵՄ նախարարական հանդիպմանը

Ժոզեպ Բորել
Ավելի վաղ Բորելը հայտնել էր ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ խորհուրդ հրավիրելու մասին՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը քննարկելու համար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարներին հրավիրել է միանալ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրոպայի արտգործնախարարների արտահերթ հանդիպմանը: Այս մասին նա հայտնել է Х սոցիալական ցանցում։
«Ես Իսրայելի արտաքին գործերի նախարար էլի Քոենին հրավիրել եմ միանալ արտգործնախարարների հանդիպմանը, որն անցկացնում եմ այսօր՝ օրվա երկրորդ կեսին։ Ես հրավիրել եմ նաև Պաղեստինի նախարար Ռիյադ ալ Մալիքիին հանդիպմանը ելույթ ունենալու՝ Պաղեստինի ազգային վարչակազմի տեսակետը ներկայացնելու համար»,-գրել է Բորելը։
Ավելի վաղ Բորելը, որն այցով գտնվում է Օմանում, հայտնել էր ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ խորհուրդ հրավիրելու մասին՝ Մերձավոր Արևելքում սրացումը քննարկելու նպատակով:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։