ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհի մեծ մասը չի ցանկանում ապրել ինչ-որ մեկի թելադրանքով. ուզում է գոյություն ունենալ հավասար պայմաններում օբյեկտիվորեն ձևավորվող բազմաբևեռ ճարտարապետության շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
Լավրովն ընդգծել է, որ ավելի ու ավելի մեծ թվով պետություններ ենձգտում ամրապնդել ինքնիշխանությունը և պաշտպանել ազգային շահերը, ավանդույթները, մշակույթն ու ապրելակերպը: Նրանք ցանկանում են բարեկամներ լինել և շահավետ առևտուր անել ինչպես միմյանց, այնպես էլ մնացած աշխարհի հետ։ Նման տրամադրվածությունը գերակշռում էր ԲՐԻԿՍ-ի, G20-ի և Արևելաասիական գագաթնաժողովի վերջին հանդիպումների ժամանակ։
«Համաշխարհային մեծամասնությունը, որը ներկայացնում է երկրի բնակչության 85 տոկոսը, հանդես է գալիս գլոբալ բարիքների առավել արդարացի բաշխման և քաղաքակրթական բազմազանության հանդեպ հարգանքի, միջազգային կյանքի հետևողական ժողովրդավարացման օգտին»,-նշվում է հոդվածում:
Լավրովի խոսքով՝ ՄԱԿ-ի բարեփոխման ջանքերը, որոնք պետք է ուղղված լինեն միջազգային իրավունքի գերակայության հաստատմանը, պետք է ներգրավեն նոր տիպի միավորումների ներուժը, որոնք կարտացոլեն Գլոբալ հարավի շահերը:
«Անհրաժեշտ է հասնել նրան, որ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված բազմաբևեռության ոգին կյանքի կոչվի։ <…> Նոր աշխարհի կառուցման հիմքը կա և այն ամուր է՝ դա ՄԱԿ-ի կանոնադրությունն է: Հիմա գլխավորն այն է, որ թույլ չտան դրա ոչնչացումը կանոնադրական սկզբունքների հետ կոնյունկտուրային ընտրողական ձեռնածություններ անելու միջոցով, հասնեն դրանց ամբողջական կատարմանը բոլոր երկրների փոխկապակցվածությամբ»,-հայտարարել է Լավրովը։
Նախարարի կարծիքով` միայն ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի պահպանման դեպքում է, որ մարդկությունը հնարավորություն կունենա հաղթահարել միաբևեռ դարաշրջանի կործանարար ժառանգությունը:
Նա հիշեցրել է, որ միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի պատասխանատվությունն ընկնում է արևմտյան փոքրամասնության վրա, որն ագրեսիվ, նեղ շահադիտական գիծ է վարում:
«Գլոբալ հակամարտության ռիսկերն աճում են։ Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակից ելք կա։ Սկզբի համար բոլորը պետք է գիտակցեն պատասխանատվությունն աշխարհի ճակատագրի համար պատմական համատեքստում, այլ ոչ թե մոտակա ազգային ընտրություններում կոնյուկտուրային էլեկտորալ դասավորությունների տեսանկյունից։ <…> Թե որքանով են բոլորը պատրաստ գիտակցել իրենց և հավաքական պատասխանատվությունն աշխարհի ճակատագրի համար, ցույց կտա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ հաջորդ տարի կայանալիք «Ապագայի գագաթնաժողովի» նախապատրաստությունը», -նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ էր արել թույլ չտալ, որ մարդկությունը գլորվի դեպի մեծ պատերազմ: