Արթուր Չախոյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի իրական հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ակտիվիստ Արթուր Չախոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հոկտեմբերի 9-ի երեկոյան Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Նա ոստիկանությանը տեղեկացրել էր, որ հարձակվող անձանցից մեկըփորձել է իրեն դանակով հարվածել։
ՔԿ խոսնակը նշել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ դանակով հարձակված անձի ինքնությունը։
Նույն օրը երեկոյան նա նույնպես հաղորդում է ներկայացրել, որ ինքը, տեղեկանալով, որ կա մեկը, որը տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է ուղարկում ադրբեջանցիներին` փորձել է հանդիպում ունենալ նրա հետ։ Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ:
«Առաջին հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի, իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով։ Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով գործերը միացվել են մեկ վարույթում»,–ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի իրական հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին ներգրավված բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Նշված վարույթով ձերբակալված անձ չկա։