ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ, եթե նրանքմնան առանց անհապաղ աջակցության: Այս մասին նախազգուշացրել է ՅՈւՆԻՍԵՖ–ը` անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված երեխաների հոգեվիճակին ու ապրումներին։
«Գորիսում ՅՈւՆԻՍԵՖ–ի սոցիալական աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը»,– նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
Բացի այդ, ՅՈւՆԻՍԵՖ–ից նշում են, որ այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, և ինչպես պատմում են ընտանիքները` նոր հարձակումների վախի պարբերական զգացումով:
«Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա»,– ահազանգում է ՅՈւՆԻՍԵՖ–ը:
Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով ՅՈւՆԻՍԵՖ–ը նաև բոլոր երկրներին կոչ է անում ներդրումներ կատարել հոգեկան առողջության և երեխաների հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ:
Կազմակերպությունից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ ձևավորել են շարժական մանկաբուժական թիմեր, որոնք հնարավորություն կտան ամբողջ երկրում սկրինինգների միջոցով բացահայտել և արձագանքել հոգեկան առողջության կարիքներին:
ՅՈւՆԻՍԵՖ–ը երկրներին նաև կոչ է արել 12,6 մլն դոլար հավաքագրել՝ հետագա վեց ամսվա ընթացքում կրթական, երեխաների պաշտպանության, առողջապահական, սնուցման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։