Երեք տարի առաջ 5 տարեկան Արսեն Գրիգորյանի և նրա ընկերների լուսանկարը Շուշիի Ղազանչեցոց տաճարի (Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի) ֆոնին ակտիվորեն տարածվում էր համացանցում։
Այդ ժամանակ ժպտացող տղաները հույսի խորհրդանիշ դարձան, շատերին վերադարձրին հաղթանակի հանդեպ հավատը։ Հիմա 8-ամյա Արսենը լուսանկարվել չի սիրում։
Տղայի ընտանիքը երկու անգամ տեղահանվել է. առաջին անգամ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, երբ Շուշին ընկավ և նրանք ստիպված եղան լքել քաղաքը, երկրորդ անգամ՝ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ ընկավ Ստեփանակերտը։
Արսենը չի սիրում լուսանկարը, որտեղ երեքով են՝ ընկերներով։ Ամեն անգամ, երբ աչքով է ընկնում, գլուխը շրջում է: Հիշում է` այդ օրը Շուշիում պահմտոցի էին խաղում։
Արսենը չի սիրում լուսանկարը, որտեղ երեքով են՝ ընկերներով։ Ամեն անգամ, երբ աչքով է ընկնում, գլուխը շրջում է: Հիշում է` այդ օրը Շուշիում պահմտոցի էին խաղում։
Էլիզբար Գրիգորյանը որդու` Արսենի հետ
© Sputnik / Asatur Yesayants
«Նրանք թաքնվել էին եկեղեցում, իսկ ես փնտրում էի նրանց»,-ասում է։
Ամենաշատը կարոտում է Արցախի իրենց տունը, և եթե կարողանար վերադառնալ այնտեղ, անպայման կվերցներ իր հեծանիվը, որը ստիպված է եղել թողնել։ Տղան մաթեմատիկա է սիրում, երազում է ոստիկան դառնալ։
«8 տարեկանում Արսենը իրար հետևից երեք պատերազմ է տեսել»,-ասում է երեխայի մայրը՝ Աշխեն Մանասյանը:
Աշխեն Մանասյանը
© Sputnik / Asatur Yesayants
Աշխենը ծնունդով Ստեփանակերտից է, մեծացել է Շուշիում, ամուսնացել և տեղափոխվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ: Ամուսինը 2015 թվականից ծառայության է անցել Պաշտպանության բանակում։ Խաղաղ ժամանակ հասցնում էր օգնել կնոջը ընտանեկան բիզնեսի հարցում՝ փոքրիկ կրպակ ունեին, որտեղ սեփական բանջարանոցում աճեցրած բանջարեղենն էին վաճառում։
Էլիզբարն ու Աշխենը Հայաստանում
© Sputnik / Asatur Yesayants
Կինը պատմում է, որ Արսենից և 5-ամյա Նունեից բացի ինքը կարող էր ևս երկու երեխա ունենալ, սակայն պատերազմական ծանր ժամանակներում նրանք մահացած են ծնվել։ Մի երեխային Աշխենը կորցրել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, երկրորդին՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։
Փոքրիկ Նունեն
© Sputnik / Asatur Yesayants
«Պատերազմը սպանեց նրանց»,-ասում է կինը:
Աշխենը մանրամասն հիշում է իր ապրած երեք պատերազմներից յուրաքանչյուրը։ Սակայն նրա համար ամենասարսափելին 2020 թվականի հոկտեմբերի 8-ն էր։ Այդ օրը Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծեցին Շուշին՝ լուրջ վնաս հասցնելով Ղազանչեցոց եկեղեցուն։
«Կարծում էինք` եկեղեցու վրա ոչ մեկը չի կրակի։ Երեխաներին նկուղի մասում էինք թաքցրել՝ իմ փոքր քրոջ ու մեր քեռու հետ։ Ես, ամուսինս և մայրս դուրս էին եկել ուտելիք բերելու։ Հենց այդ ժամանակ էլ սկսեցին կրակել եկեղեցու ուղղությամբ»,-պատմեց Աշխենը։
Գրիգորյանների ընտանիքի անդամները Հայաստանում
© Sputnik / Asatur Yesayants
Ասում է՝ դրանից հետո տղան վախից մի քանի ժամ համրացել էր։ Կարճ ժամանակով Երևան եկան, բայց չկարողացան թողնել Արցախը, դարձյալ վերադարձան։
Այս պահին ընտանիքը հաստատվել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Ծրագրում են Հայաստանում մնալ։ Հասցրել են վերցնել միայն երեխաների փաստաթղթերն ու լուսանկարները։ Աշխենը պահել է նաև շրջափակման ժամանակ տրված հացի կտրոնները՝ որպես հիշեցում, թե ինչ են ապրել․․․ Ասում է` վերջին օրերին անգամ հաց չկար:
Հացի կտրոնները
© Sputnik / Asatur Yesayants
Գրիգորյան ընտանիքն ամեն ինչի կարիք ունի և երախտապարտ կլինի ցանկացած օգնության համար։ Այս պահին նրանք բանկային քարտի հետ կապված խնդիրներ ունեն և պետության կողմից միանվագ օգնությունը դեռ չեն ստացել։
Նոյակերտի համայնքապետարանում խոստացել են զբաղվել խնդիրների լուծմամբ։ Գյուղապետ Կարեն Պողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ գյուղացիներից յուրաքանչյուրը փորձում է օգնել ինչով կարող է։
Ներկայում գյուղում հաստատվել է Արցախից տեղահանված 300 անձ (90 ընտանիք: Մի մասին տեղավորել են նախկին բժշկական ամբուլատորիայում, մշակույթի տանը, լքված տներում։
«Երեկվանից սկսել են սնունդ բաժանել, այս պահի դրությամբ մոտ 80 ընտանիք սննդի փաթեթներ է ստացել»,-ասաց Պողոսյանը:
Կարեն Պողոսյան
© Sputnik / Asatur Yesayants
Նա նշեց, որ շատերը կցանկանան գյուղում մնալ, եթե տուն և աշխատանք լինի: Պողոսյանը կարծում է, որ մեծամասնությունը կզբաղվի հողագործությամբ։ Նորեկների թվում բազմապրոֆիլ մասնագետներ կան, ոմանց արդեն աշխատանք են առաջարկել սահմանապահ զորքերում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից 9–ամսյա շրջափակմանը հաջորդած ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստանի Հանրապետություն է եկել 100 625 բռնի տեղահանված անձ:
Տունը, որտեղ ապաստան է գտել Գրիգորյանների ընտանիքը
© Sputnik / Asatur Yesayants