Իսրայելում ծավալվող գործողություններից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. Բադալյան

Գործում է շուրջօրյա թեժ գիծ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: Այս մասին «Ֆեյսբուքում» հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Իսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45)»,–նշել է Բադալյանը:
Նա նշել է, որ իրավիճակի հետագա զարգացումից ելնելով հանդես կգան լրացուցիչ տեղեկատվությամբ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։