Իսրայել–ՀԱՄԱՍ հակամարտության ազդակը կարող է արտացոլվել Հարավային Կովկասում, այդ թվում` Հայաստանի վրա, ուստի ՀՀ–ն պետք է ուշադիր լինի այն գործընթացներին, որոնք այս օրերին տեղի են ունենում Իսրայելում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Փորձագետի խոսքով` ինչպես ցանկացած հակամարտություն, այս մեկը ևս ունի բազում շերտեր և այստեղ կարևոր է, որ ՀԱՄԱՍ–ը և «Իսլամական ջիհադը» հետապնդում են ոչ թե տարածքներ գրավելու նպատակ, այլ նախևառաջ ձգտում են վերադառնալ մերձավորարևելյան օրակարգ, քանի որ իրենք օրակարգից վերջին ժամանակներում դուրս էին մնացել։
«Երկրորդ կարևոր նպատակը «Ցախալի» (Իսրայելի պաշտպանության բանակ) և Իսրայելի հետախուզական կառույցների իմիջի ջախջախումն էր»,–ասաց Մելքոնյանը։
Իսրայելագետի դիտարկմամբ` Իսրայելը կարող էր խուսափել դրանից, եթե առաջին հերթին զբաղվեր սեփական անվտանգության ապահովմամբ, ոչ թե օգներ Ադրբեջանին Արցախում «հակաահաբեկչական գործողություններով» զբաղվել։
Նա հիշեցրեց` սեպտեմբերի 19–ին ԼՂ-ում թշնամու իրականացրած «հակաահաբեկչական գործողություններից» մի քանի շաբաթ առաջ Ադրբեջան էին այցելել Իսրայելի հետախուզական «Մոսադ» ծառայության և ռազմական էլեկտրոնային հետախուզության մասնագետները։
«Նրանք փաստացի օգնում էին ադրբեջանական հետախուզական մարմիններին ավելի ճշգրիտ, պարզ նկարներ ստանալ, որ ավելի լավ թիրախավորեին Արցախի ՊԲ–ին։ Իրենք դրանով էին զբաղված»,–ասաց փորձագետը։
Մելքոնյանի կարծիքով` այժմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթհանյահուն փորձում է անել այն, ինչ 2019 թվականին արեց Փաշինյանը, այսիքն՝ ողջ դատական համակարգը փորձում է իրեն ենթարկեցնել։ Եվ դա էլ հանգեցրեց երկրում բողոքի զանգվածային ցույցերի։ Արդյունքում իշխանությունները առաջնահերթությունը տվեցին ներքին անվտանգությանը` ի վնաս արտաքինին։
Բացի այդ, ինչպես Հայաստանում, Իսրայելում ևս հասարակությունը այժմ պառակտված է։ Այդ մասին ժամանակին ահազանգել է նաև «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրեն Դավիթ Բառնեան։
«Իրենց մոտ ռեզերվիստները ցույցի էին մասնակցում և չէին գնում բանակում ծառայելու, ՊՆ–ի ղեկավարը բացահայտ դուրս եկավ Նեթանյահուի դեմ։ Իսկ հասարակության պառակտումը, պետականության տապալումը ուղիղ ազդում է անվտանգության համակարգի վրա»,–ընդգծեց մեր զրուցակիցը։
Մելքոնյանի կարծիքով` ՀԱՄԱՍ–ի` Իսրայելի դեմ պատերազմ սկսելու ևս մեկ պատճառ կա։ Վերջին շրջանում Իսրայելը բարելավել է հարաբերությունները ԱՄէ–ի, Սաուդյան Արաբիայի և արաբական երկրների հետ, և դա ձեռնտու չէ Թեհրանին, քանի որ հետագայում տարբեր բաղադրիչներ կստեղծվեն, որոնք արդեն կաշխատեն բուն Իրանի դեմ։
Իսրայելն էլ Իրանի միջամտությունը կասեցնելու համար իր հերթին դիմել է ռազմավարական դաշնակցին։
«Այժմ Իսրայելը դիմել է իր գլխավոր ռազմավարական դաշնակցին` ԱՄՆ–ին, որ զորք ուղարկի։ Սակայն ոչ թե ՀԱՄԱՍ–ի դեմ կռվելու համար, այլ որ դա լինի միջոց, որպեսզի կասեցվի Լիբանանից «Հեզբոլլահի» հնարավոր ներխուժումը»,–ասաց նա։
Հակառակ սցենարի դեպքում` եթե Իսրայելը որոշի մտնել Գազա, օպերացիան ամսից ավելի կտևի, իսկ երկիրը կթաթախվի տնտեսական խնդիրների մեջ, տարածքում կսկսեն ահաբեկիչներ գործել։ Իսկ եթե պաղեստինյան այլ տարածքներում բախումներ սկսվեն, «Հեզբոլլահ» շարժումը կընկալի, որ լավ պայմաններ են խաղի մեջ մտնելու համար։ Այս դեպքում վտանգ կա, որ էսկալացիան կարող է հասնել ՀՀ–ին։
«Իսրայելը կարող է անուղղակի պատասխանել «Հեզբոլլահին», որի համար ունի երեք ճանապարհ` թիրախավորել իրանական դիրքերը Սիրիայի տարածքում, թիրախավորել Իրանին Լիբանանի տարածքում և Հարավային Կովկասում։ Իսկ Իրանը պատասխանելու երկու ձև ունի` հարվածներ Սիրիայի տարածքից և հարվածներ Իրաքի տարածքում իսրայելական և ԱՄՆ ենթակառուցվածքներին։ Այդ դեպքում Իրանը պետք է պաշտպանի իր հյուսիսային ճակատը` Հարավային Կովկասը»,–պարզաբանեց փորձագետը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։