ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում գնաճն ընթացիկ տարվա վերջին կարագանա, բայց կպահպանվի թիրախային 4 +/- 1,5% միջակայքից ցածր ցուցանիշը։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոտնտեսական հետազոտության մեջ։
Գնաճը Հայաստանում 2022 թվականի վերջին և ընթացիկ տարվա հունվար-փետրվարին կազմել է 8-9%, հետո սկսել է կտրուկ նվազել։ Հունիս-օգոստոսին ցուցանիշը բացասական է եղել (չնայած փոքր տոկոսներով), իսկ սեպտեմբերին կազմել է +0,1 տոկոս։
ԵԶԲ հետազոտության մեջ նշվում է, որ գնաճի մի փոքր արագացումը կապված է պարենային շուկայում գների իջեցման տեմպերի ու ներմուծվող վառելիքի գների նվազման հետ։
Նշենք, որ վերջին ամիսներին Հայաստանում նվազել են մթերքների գները, սակայն պահպանվել է գնաճը ռեստորաններում, հյուրանոցներում և ծառայությունների այլ ճյուղերում (սա կապված է մեծ պահանջարկի հետ, որը պայմանավորված է նաև մեծ թվով ռուսաստանցիների` Հայաստան գալով): Ծառայությունների գների աճը դանդաղեց Հայաստանի կենտրոնական բանկի զսպող միջոցառումներից հետո, իսկ ապրանքների գները համեմատաբար ցածր են մնում համաշխարհային գների ազդեցության տակ:
Հավելենք, որ FAO–ի (ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) վերջին ցուցանիշներով` սեպտեմբերին հացահատիկի գները գրեթե 15%-ով ցածր են, քան մեկ տարի առաջ, արևածաղկի ձեթինը՝ 20%–ով, մսինը՝ 5% - ով։
Միաժամանակ Հայաստանում պահպանվում է սննդամթերքի գների նվազումը, բայց այն մի փոքր դանդաղել է։ Եթե հունիսին կազմել է -5,5 տոկոս, հուլիսին և օգոստոսին մոտավորապես -4 տոկոս է եղել, իսկ սեպտեմբերին՝ -3,1 տոկոս: Արդյունքում ընդհանուր գնաճը մի փոքր աճել է։
Հավելենք, որ ԵԶԲ կանխատեսումն ընդհանուր առմամբ նման է ՀՀ ԿԲ-ի կանխատեսմանը, ըստ որի` առաջիկա ամիսներին երկրում գնաճը կպահպանվի նշված միջակայքից ցածր, իսկ հետո աստիճանաբար կսկսի մոտենալ դրան: Վերջին կանխատեսմամբ ՝ IV եռամսյակում այն կլինի զրոյի մոտ, իսկ 2024 թվականի առաջին ամիսներին կարագանա մինչև 2,5 տոկոս, բայց չի գերազանցի 3 տոկոսը։