ՀՀ նախագահը ցավակցել է Իսրայելում և Գազայի հատվածում զոհվածների հարազատներին

Վահագն Խաչատուրյան. Արխիվային լուսանկար
Վահագն Խաչատուրյանն իր մտահոգությունն է հայտնել պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության սրման կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով։ X–ի իր էջում գրառում է արել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով Իսրայելի և Պաղեստինի միջև վերսկսած ռազմական ակտիվ գործողություններին։
«Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց»,– նշել է ՀՀ նախագահը:
Նա ցավակցել է զոհվածների հարազատներին, մաղթել տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։