ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՄԱՍ–ը սպառնում է մահապատժի ենթարկել մեկական պատանդի` ի պատասխան Իսրայելի կողմից քաղաքացիական շենքերի վրա հարձակումների։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՀԱՄԱՍ–ի «Ալ–Քասամ» խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան հայտարարել է, որ շարժումը մահապատժի կենթարկի մեկական իսրայելցի պատանդի` բնակելի շենքերի վրա Իսրայելի յուրաքանչյուր հարձակման համար։ Եվ դա կանի առանց նախազգուշացման։
«Այս պահից սկսած մենք հայտարարում ենք, որ խաղաղ բնակիչների և նրանց տների վրա ամեն հարձակման պատասխանը, ցավոք սրտի, առանց նախազգուշացման կլինի մեր թշնամու քաղաքացիական պատանդներից մեկի մահապատիժը։ Եվ մահապատիժը մենք կհեռարձակենք աուդիո և վիդեո ձևաչափերով»,– ասել է Աբու Ուբայդան, որի հայտարարության տեսագրությունը ցուցադրվել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։