Գետը անցնելիս ձիերին չեն փոխում. Սարգսյանը նշել է` ինչ է պետք չխեղդվելու համար

Արամ Սարգսյան
Արամ Գասպարի Սարգսյանըի կարծիքով` գործող իշխանությունը իրենց կացնային քաղաքականությամբ ստեղծել են մի իրավիճակ, երբ ՀՀ–ն կարող է հայտնվել հակամարտության մեջ նույնիսկ բարեկամ պետության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է կանգ առնի ու վերանայի իր արտաքին քաղաքական գիծը, քանի որ այս պահին ամբողջովին մեկուսացված է անգամ այն պետությունների կողմից, որոնց նկատմամբ ունեցել է բարյացակամ վերաբերմունք և որոնք էլ այդպես էին վերաբերվում Հայաստանին։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Քաղաքական գործչի խոսքով` այժմ ամեն ինչ անկանխատեսելի է, պետք է անընդհատ պատրաստ լինել այն իրավիճակին, երբ շատ հանկարծակի կարող է ՀՀ–ն հայտնվել հակամարտության մեջ նույնիսկ բարեկամ պետության հետ։ Սակայն դա էլ Հայաստանի` բարեկամ երկրների հետ վարած քաղաքականության հետևանքն է` ինչպես օրինակ Իրանի դեպքում, երբ ՀՀ–ն իմանալով Իրանի դիրքորոշումը՝ նրա սահմանին մոտեցրեց հակառակորդներին։
«Հայտնի խոսք կա` ասում են ձիերին չեն փոխարինում, երբ որ անցնում են գետը, հիմա արել եք այդ քայլը և դրա համապատասխան արժանի գնահատականն եք ստացել, որովհետև ոչ ոք չի սիրում գործ ունենալ այն երկրների հետ, որոնք ժամանակին դավաճանել են։ Այս դեպքում ունենալով ռազմավարական դաշինք ՌԴ–ի հետ ու մի շարք պետությունների, ԱՊՀ երկրների հետ՝ դուք հիմա ամբողջովին ցանկանում եք այդ կապերը խզել։ Դուք ուզում եք միանշանակ փոխել արտաքին քաղաքական վեկտորը, և հենց դա է բերում այսպիսի հետևանքների։ Տարածաշրջանի երկրները սկսում են մտածել, որ դուք ուղղակի անհուսալի գործընկեր եք, և վստահել չի կարելի»,–պարզաբանեց Սարգսյանը։
Նրա խոսքով` հարցը հիմա պարզ քաղաքական դաշտում է, խեղդվողի փրկությունն էլ իր ձեռքում է։ Սակայն վստահ է` այս իշխանության օրոք փրկություն հնարավոր չէ, իսկ իշխանությունն անգամ իր վարած քաղաքականության հետևանքով Արցախի կորստից հետո չի ցանկանում հեռանալ։
Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե իշխանություններն իրենց քաղաքականությունն են վարում, այլ կատարում են այն, ինչ իրենց թելադրում են այլ տեղից։
«Ու սա իրականում փաստ է. ի՞նչ էին անում ՀՀ–ում Անգլիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի խոշոր հետազոտական կենտրոնի ղեկավարները։ Հարցն այն է, որ պետությունը, որը խոսում է ինքնիշխանության և առավել ևս անկախ լինելու մասին, հիմա առավել, քան երբևէ կախյալ է բոլոր այդպիսի կենտրոններից։ Եվ սա ամենամեծ վտանգն է, որ կախվել է մեր գլխին, և դրա համար ենք մենք ասում, որ այս տարիների ընթացքում չենք կարողացել ճիշտ քաղաքական, բարեկամական հարաբերություններ ձևավորել»,–նշեց նա։
Բացի երկրների հետ բարեկամական լավ հարաբերություններից, քաղաքական գործչի համոզմամբ, ցանկալի է, որ պետությունների ղեկավարները ևս միմյանց հետ լավ անձնական հարաբերություններ ունենան։ Տպավորություն էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահը ունեն այդպիսի հարաբերություններ, սակայն պարզվեց` ոչ։
Իսկ ի՞նչ է արել Փարիզը. Զախարովան` Երևանում Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության մասին
Հիմա, երբ Հայաստանը հայացքը հառել է դեպի Ֆրանսիան և ակնկալում է, թե իբր Մակրոնը զենք կմատակարարի, դա չի կարող տեղի ունենալ, վստահեցնում է Սարգսյանը։ Եվ եթե անգամ Ֆրանսիան ցանկանա զենք ուղարկել՝ Վրաստանը թույլ չի տա իր տարածքով այն փոխադրել, քանի, որ չի ցանկանա վատ հարաբերություններ ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
«Կարևոր է կանգ առնել, վերանայել վարած արտաքին քաղաքական գիծը։ Եթե Հայաստանը շարունակի կացնային քաղաքականությունը վարել, կստանա իր հարվածը։ Քաղաքականությունը մասնագիտություն է. եթե չեք կարողանում և չունեք այդ հնարավորությունը` հեռացե՛ք։ Եվ իհարկե` շատ կարևոր է, որ փոփոխությունները լինեն անցնցում. և՛ վարչապետը, և՛ նախագահը պետք է հրաժարական տան, և նոր բալանսավորված իշխանություն ձևավորվի»,–ընդգծեց խոսքը Սարգսյանը։
Նա հավելեց, որ շատ կարևոր է` փոփոխությունները լինեն անցնում, և իշխանությունը ինքը դառնա անցնցում իշխանափոխության մասնակից։