ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իսրայելի հարավային շրջաններ, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ: Դիվանագիտական առաքելությունը հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
«Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե»,– նշել է դեսպանությունը և հրապարակել թեժ գծի հեռախոսահամարը՝ 050 6670345։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ: