ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտու անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին և մնալ իրենց կացության վայրերում։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Դեսպանությունը մշտական կապի մեջ է իսրայելյան իշխանությունների և ՀՀ ԱԳՆ հետ և նոր զարգացումների դեպքում կիրազեկի ՀՀ քաղաքացիներին»,–ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։