ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանից դեպի Եվրասիական միություն գազի արտահանումն աճում է, սակայն դրա ծագման վերաբերյալ կասկածներ կան, գրում է ֆրանսիական Le Monde թերթը:
ԵՄ երկրներից հիմնականում ադրբեջանական գազ են գնում Հունաստանը, Բուլղարիան և Իտալիան։ Le Monde-ի հարցմանն ի պատասխան Ֆրանսիայի Էներգետիկայի վերափոխման նախարարությունից (կատարում է էներգետիկայի նախարարության գործառույթները- խմբ.) հայտնել են, որ հանրապետությունը Ադրբեջանից գազ չի ներկրել:
Պարբերականը հիշեցնում է, որ հոկտեմբերի 5-ի իր բանաձևում Եվրախորհրդարանը ԵՄ-ին և անդամ երկրների կառավարություններին կոչ է անում «հետաքննել այն կասկածները, ըստ որոնց Ադրբեջանը ռուսական գազն է արտահանում Եվրամիություն»: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, Բրյուսելի ներկայացուցիչները հավաստիացրել էին, որ նման բան տեղի չի ունենում, հիշեցնում է պարբերականը։
Միևնույն ժամանակ, ֆրանսիական դիվանագիտական շրջանակներից աղբյուրը երկրի արտգործնախարար Կատրին Կոլոննայի Հայաստան կատարած այցի նախօրեին Le Monde – ին հետևյալ բովանդակությամբ մեկնաբանություն էր տվել. «Ադրբեջանը կարևոր գործիք է պատժամիջոցները շրջանցելու համար, հատկապես ածխաջրածինների ոլորտում»:
Մեկնաբանությունների համար Le Monde -ը դիմել է Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությանը(SOCAR)և հանրապետության էներգետիկայի նախարարությանը, սակայն պատասխան չի ստացել:
«Մոռացեք պաշտոնական հայտարարությունների մասին. Ադրբեջանը հիմա շատ լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, շատ ավելի լավ, քան Հայաստանը»,-Le Monde-ին ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Միաժամանակ, Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, որը ներկայացնում է ՀՀ-ն Եվրամիությունում, պարբերականին տված մեկնաբանության մեջ նշել է, որ «այդ Ադրբեջանն է կախված Եվրամիությունից, ոչ թե հակառակը»: Նա նշել է՝ կուզենար հավատալ, որ «Հայաստանին աջակցելու մասին եվրոպական հայտարարությունները բավականին արագ կնյութականան՝ լինի տնտեսական, քաղաքական, թե անվտանգության առումով»:
Ադրբեջանի հետ Եվրամիության համաձայնագիրը նախատեսում է գազի ներկրումը հասցնել առնվազն 20 մլրդ խմ-ի՝ 2021 թվականի 8 մլրդ-ի համեմատ։ Այնուամենայնիվ, նույնիսկ ակնկալվող ծավալները շատ փոքր են ԵՄ գազի ներմուծման ընդհանուր կառուցվածքում, նշում է պարբերականը։
2022 թվականին, Եվրոստատի տվյալներով, ադրբեջանական գազի ներմուծումը ԵՄ կազմել է 15,6 մլրդ եվրո (գազի ֆիզիկական ծավալը չի նշվում)։ Արժեքային արտահայտմամբ դա մոտ չորս անգամ ավելի է, քան 2021 թվականին (մատակարարումների արժեքն այդքան աճել է, այդ թվում, գազի թանկացման հաշվին, իսկ ֆիզիկական մատակարարումները, թեև աճել են, բայց հավանաբար ավելի փոքր ծավալով- խմբ․)։ Այսպես թե այնպես, 2022 թվականին ԵՄ գազի ընդհանուր ներկրման մեջ Ադրբեջանից մատակարարումները ընդամենը 3% են կազմում (այն էլ միայն ներմուծման, այլ ոչ թե ընդհանուր սպառման մեջ, որը մասամբ ձևավորվում է նաև ներքին աղբյուրներից- խմբ)։
Եվրոպան կարող է ավելի շատ շահագրգռված լինել Թուրքմենստանից մատակարարումներով, որտեղ գազի պաշարներն ավելի մեծ են, քան Ադրբեջանում․ դրանց ծավալով երկիրն աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում՝ Ռուսաստանից, Իրանից և Քաթարից հետո: Այնուամենայնիվ, ինչպես նշում է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) վերլուծաբան Կատրին Լոկատելին, Հարավային Կովկասում անկայուն իրավիճակը կարող է հարցականի տակ դնել Միջին Ասիայից Ադրբեջանի տարածքով էներգետիկ միջանցք ստեղծելու Եվրոպայի մտադրությունը: