Զոհերի և վիրավորների մեջ երեկվա դրությամբ հայեր չկան

Իսրայելի հարավային շրջաններում է ապրում է մոտ 500 հայ, որոնք երկու օր է` ռմբապաստաներից դուրս չեն գալիս, չափազանց ծանր պայմաններում են ապրում։ Երկրի կենտրոնական հատվածներում` Երուսաղեմ, Թել Ավիվ, Պետախ–Տիկվա և այլն, ապրում է մոտ 3000 հայ։
Sputnik

«Իսրայելի վրա պաղեստինյան «Համաս» խմբավորման հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների մեջ երեկվա դրությամբ հայեր չկան, չեն վնասվել նաև հայկական հուշակոթողները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ և «Israelahayer» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը։

Նրա խոսքով` երկրի հարավում, որտեղ շարունակվում են ռազմական ակտիվ գործողությունները, հայ համայնքը եկեղեցիներ կամ հուշակոթողներ չունի, հիմնական մասը Երուսաղեմում են և, բարեբախտաբար, դրանք չեն խոցվել։

«Մոտ 3000 հատ հրթիռ է ընկել մի պետության վրա, որը շատ ավելի փոքր է ՀՀ–ից, սակայն շատ ավելի խիտ է բնակեցված` մոտ 9 մլն մարդ է ապրում 2 անգամ փոքր այս տարածքում։ Ո՞ւր պիտի կարողանային փախչել մարդիկ, որ կարողանային այդ հրթիռներից պատսպարվել»,– ասում է Արտյոմ Չերնամորյանը։