ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 երեխա է ծնվել, որից 14–ը Երևանում, 24–ը` մարզերում։ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Արցախից բռնի տեղահանված 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում։ Նրանցից 95–ի վիճակը գնահատվում է ծանր, 11–ինը` ծայրահեղ ծանր։
Բաղդասարյանը նշեց, որ 7 անչափահասի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Արցախից բռնի տեղահանված 16 448 անձ կամ 16.5 տոկոսը հաշվառվել է առաջնային օգնության բուհաստատություններում, պոլիկլինիկաներում։ Բաղդասարյանն ընդգծեց, որ նրանց բոլորի բուժսպասարկումն իրականացվում է պետպատվերի շրջանակում։
Ինչ վերաբերում է ՀՀ կրթական հաստատություններում ուսումը շարունակող երեխաներին, ապա ՀՀ վարչապետի խոսնակը նշեց, որ 9 082 Արցախից բռնի տեղահանված աշակերտ արդեն դպրոց է հաճախում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։