Վրաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագիր կկնքեն

Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ
Իրակլի Ղարիբաշվիլին հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա հարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս կկնքեն խաղաղության համաձայնագիր:
Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Ես վերահաստատել եմ Վրաստանի աջակցությունն ու հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,– ասել Է Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա հարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, ինչը կբարելավի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կենսամակարդակը:
Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ այս հարցում Վրաստանը չեզոք դիրքորոշում ունի և հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական ջանքեր ներդնելու պատրաստակամությունը:
«Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այդ գործընթացին։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ և կայուն։ Անդրկովկասի երեք երկրները պետք է իրենք լուծեն տարածաշրջանի հարցերը և ապագա զարգացումը»,– ասել Է Ղարիբաշվիլին։
Հարցերի լուծում բացառապես խաղաղ ճանապարհով․ հանդիպել են Ղարիբաշվիլին և Էրդողանը
Հիշեցնենք, որ Վրաստանը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից ի վեր բազմիցս հարթակ է առաջարկել` Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար: Վարչապետ Ղարիբաշվիլին բազմիցս հանդես է եկել հարևանության խաղաղ նախաձեռնության հարթակ ստեղծելու գաղափարով, որի շրջանակներում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր:
2022 թ. հուլիսին նման փորձ արվել է․ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել Թբիլիսիում։