Ռուս տեխնոլոգը պատրաստ է Հայաստանում «նախընտրական աղբից» օգտակար նյութ պատրաստել

«Էկովատա-Սիբիր» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Լուչինկինը
Մանրացված թերթը, մի շարք նյութերով ներծծված, թույլ է տալիս շատ թեթև և ամուր մեկուսիչ նյութ ստանալ, որն արդեն օգտագործվում է Ռուսաստանում և արտահանվում է Ղազախստան և Ուզբեկստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ջերմամեկուսիչ բամբակի արտադրության՝ Կրասնոյարսկում մշակված և ներդրված նոր տեխնոլոգիան կարող է կիրառվել նաև Հայաստանում, շահագրգիռ գործընկերների առկայության դեպքում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Էկովատա-Սիբիր» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Լուչինկինը։
Իր նորույթը նա ներկայացրել է Երևանում անցկացվող ամենամյա PanArmenian Expo ցուցահանդեսում՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության կազմակերպած բիզնես առաքելության կազմում։
Էվոբամբակը, այսինքն՝ ցելյուլոզայի կամ թղթի մանրաթելերից պատրաստված ջերմամեկուսիչը,արդեն հայտնի նյութ է։ Կրասնոյարսկի քիմիկոսների նոու-հաուն ներծծվող նյութերն են (ոչ թունավոր): Դրանց շնորհիվ հնարավոր է ջերմամեկուսիչ նյութը դարձնել մոտ երկու անգամ ավելի թեթև, այսինքն՝ ավելի խնայող։
«Օրինակ, եթե դուք 50 քմ տարածք եք ջերմամեկուսացնում՝ 20 սմ մեկուսացնող նյութով, ապա ձեզ հարկավոր է 10 խորանարդ մետր։ Ամբողջ հարցն այն է, որ այդ խորանարդի համար մեր նյութից կրկնակի քիչ է պետք»,-բացատրեց Լուչինկինը։
Նրա խոսքով՝ հանքային բամբակի համեմատ թղթե-ցելյուլոզային բամբակի առավելությունն այն է, որ այն գոլորշուց մեկուսացում չի պահանջում, այսինքն՝ պոլիէթիլենի շերտով պատելու կարիք չկա։
«Նյութը մշակելիս օգտագործվող բորաթթուն որպես հակասեպտիկ է ծառայում՝ բորբոսից պաշտպանվելու համար, և որպես հակապիրեն՝ բռնկումից պաշտպանվելու համար»,-ավելացրեց Լուչինկինը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ որակի նյութ հնարավոր չէ ստանալ ցանկացած թղթից, ամենալավը թերթի թուղթն է, որից նախկինում ամեն տեղ շատ կար, սակայն աստիճանաբար քչանում է։
«Բարեբախտաբար, մեզ դեռ հերիքում է։ Վերջերս էլ նախընտրական արշավն էր, դրանից հետո շատ թերթեր են մնացել։ Կարելի է նաև հին գրքերն ավելացնել, բայց միայն խորհրդային շրջանի՝ դրանք նույնպես թերթի թղթի վրա էին տպվում։ Սա ընդգծում եմ, որովհետև ժամանակակից կավճապատ թղթով չի լինի․ կավիճը «նստեցնում է»»,-ավելացրեց նա։
2023-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է մոտ 3 %-ով
Մոտ ժամանակներս ընկերությունը նախատեսում է Սիբիրին համապատասխան շինությունների արտադրություն սկսել․ շարժական բաղնիքներ՝ էկոբամբակով լցված կրկնակի փայտե պատերով։ Ընկերությունը գնահատմամբ՝ այդպիսի մեկուսացումով ջեռուցման սեզոնի ընթացքում կարելի է խնայել ջեռուցման ծախսերի մինչև 50%-ը:
Էկոբամբակի պիտանելիության ժամկետը դեռ հստակեցված չէ, ընդ որում՝ ոչ թե հենց Կրասնոյարսկի ընկերության արտադրության համար, այլ ընդհանուր առմամբ, նշեց Լուչինկինը։
«Այն արտադրողներից մեկը ՝ Տյումենից իմ գործընկերը, 70-ականների սկզբին ժամկետային ծառայություն է անցել Կուբինկայում (Մոսկվայի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում- խմբ.): Այնտեղ մինչպատերազամական համագործակցության ժամանակներից մնացել էին գերմանացի սպաների տները։ Արդեն այն ժամանակ նրանք էկոբամբակ էին օգտագործում, որը բերել էին իրենց հետ։ Նրանք քանդում էին այդ տները և նույն էկոբամբակն օգտագործում էին նոր կառույցների համար։ Երեսուն տարի անց»,- ասում է Լուչինկինը:
«Էկովատա-Սիբիր» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Լուչինկինը
Նյութի իրացման ծավալներն աճում են ոչ միայն ցուրտ Սիբիրում կամ Ղազախստանում (որտեղ հյուսիսային շրջաններում ձմռանը նույնպես ցուրտ է), այլև Ուզբեկստանում։
«Մեկուսացումը ոչ միայն ցրտից է, այլև տաքությունից։ Իզուր չէին ասում, որ ռուսական խրճիթներում ամռանը զով էր, իսկ ձմռանը՝ տաք։ Որովհետև դրանք փայտից էին։ Իսկ թղթի մանրաթելերը նույնն են, ինչ փայտի մանրաթելերը», - հավելեց Լուչինկինը, որը, չնայած պատկառելի տարիքին, պատրաստվում է իր տեխնոլոգիայի վերաբերյալ թեկնածուական ատենախոսություն պաշտպանել։
Հայաստանում նա պատրաստ է ոչ միայն վաճառք իրականացնել, այլև համատեղ արտադրություն բացել։ Գլխավորն այն է, որ գործընկերը ազնիվ լինի և հուշի, թե որտեղից կարելի է հնարավորինս շատ հին թերթեր ստանալ։