ՌԴ խաղաղապահների ևս երկու դիտակետ է ապամոնտաժվել ԼՂ Մարտունու և Մարտակերտի շրջաններում

Արխիվային լուսանկար
Շուշիի շրջանում գազամատակարարման վերականգնում իրականացնող համատեղ խումբն աշխատանքներ է իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանական գերպատեսչությունից հայտնում են, որ օրվա ընթացքում զինաթափման և կողմերի շփման գծից պահպանության դիրքերի հետքաշման հետ կապված՝ երկու դիտակետ է ապամոնտաժվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
Ապահովվել է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի՝ Շուշիի շրջանում գազամատակարարման վերականգնում իրականացնող համատեղ խմբի աշխատանքներին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։