Իսրայելում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, չեն վնասվել նաև հայկական հուշակոթողները

Աշկելոնում (Իսրայել) այրվող ավտոմեքենաներ
Պետախ–Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահի խոսքով` երկրի հարավում, որտեղ շարունակվում են ռազմական ակտիվ գործողությունները, հայ համայնքը եկեղեցիներ կամ հուշակոթողներ չունի, հիմնական մասը Երուսաղեմում են և, բարեբախտաբար, դրանք չեն խոցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի վրա պաղեստինյան ուժերի կողմից ռազմական հարձակման արդյունքում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, չեն վնասվել նաև հայկական հուշակոթողները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ և «Israelahayer» («Իսրայելի հայերը») պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Չերնամորյանը նաև նշեց, որ իրավիճակն Իսրայելում դեռևս շարունակում է մնալ լարված. երկրի ամբողջ հարավային հատվածը դեռևս հրթիռակոծվում է։
«Ճիշտ է` երեկվա հետ համեմատած հրթիռակոծությունների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է։ Թել Ավիվի կենտրոնում այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, մի փոքր շունչ քաշեցինք, քանի որ իսրայելական բանակն անմիջապես անցավ հարձակման. գիշերը կարգուկանոնն արդեն վերականգնվել էր, թեև ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ բարձր»,– նկարագրեց նա։
Նրա խոսքով` երկրի հարավում, որտեղ շարունակվում են ռազմական ակտիվ գործողությունները, հայ համայնքը եկեղեցիներ կամ հուշակոթողներ չունի, հիմնական մասը Երուսաղեմում են և, բարեբախտաբար, դրանք չեն խոցվել։
«Մոտ 3000 հատ հրթիռ է ընկել մի պետության վրա, որը շատ ավելի փոքր է ՀՀ–ից, սակայն շատ ավելի խիտ է բնակեցված` մոտ 9 մլն մարդ է ապրում 2 անգամ փոքր այս տարածքում։ Ո՞ւր պիտի կարողանային փախչել մարդիկ, որ կարողանային այդ հրթիռներից պատսպարվել»,– նկատեց Արտյոմ Չերնամորյանը։
Նրա տվյաներով` Իսրայելի հարավային շրջաններում է ապրում է մոտ 500 հայ, որոնք երկու օր է` ռմբապաստաներից դուրս չեն գալիս, չափազանց ծանր պայմաններում են ապրում։ Երկրի կենտրոնական հատվածներում` Երուսաղեմ, Թել Ավիվ, Պետախ–Տիկվա և այլն, ապրում է մոտ 3000 հայ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դեռևս չի վերահսկում իրավիճակը երկրում
Չերնամորյանի խոսքով` ցանկացած նման ռազմական գործողություններից հետո Իսրայել պետությունն օգնում է բնակչությանը. չնայած մոտ մեկ տարի տևող բյուրոկրատական քաշքշուկին՝ տրամադրում է ֆինանսական աջակցություն` վնասները վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 300 խաղաղ իսրայելցի, վիրավորվել է 1864-ը:
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 313-ի, տուժել է 1990 մարդ: