Իսրայելում տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Անի Բադալյանը նշում է, որ հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել: Ըստ անհրաժեշտության, հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,– նշված է խոսնակի հայտարարության մեջ:
Իր նախորդ գրառման մեջ ՀՀ արտաքին գերատեսչության խոսնակը նշել էր, որ ՀՀ ԱԳՆ–ն Իսրայելում դեսպանության միջոցով մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 300 խաղաղ իսրայելցի, վիրավորվել է 1864-ը: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 313-ի, տուժել է 1990 մարդ: