ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը պատերազմ է հրահրում, ՌԻԱ Նովոստիին ասել է Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ներկայացուցիչ Հազեմ Քասեմը:
«Օկուպացիան խաղաղ բնակիչների դեմ իր ագրեսիայի կիզակետում է։ Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը այդ պատերազմը սրելով է զբաղված»,-ասել է Քասեմը։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ միջնորդության մասին խոսելը դեռ շուտ է, քանի որ «մարտի դաշտն է որոշում, թե ով է վերահսկում իրավիճակը»:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։