ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում կենսագազի արդյունաբերական արտադրության միակ լիցենզիան, որը տրվել էր «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» գործարանին, դադարել է գործել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սոնա Մանուկյանը (գործարանի սեփականատեր Մանուկյանների ընտանիքի ներկայացուցիչ)։ Լիցենզիայի դադարեցման մասին որոշումն օրերս ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Այժմ Մանուկյանը գործարանը վաճառելու բանակցություններ է վարում։
Կենսագազի գործարանը, որն առաջինն էր Հարավային Կովկասում, կառուցվել էր Կոտայքի մարզի Արգել գյուղում (ավելի հայտնի է Լուսակերտ անվանումով) 2007-2008 թվականներին։ Սկզբում պետք է աշխատեր Լուսակերտի թռչնաֆաբրիկայից (որի սեփականատերը ևս Մանուկյաններն էին) ստացված, այնուհետև նաև այլ թռչնաֆաբրիկաների թափոններով։ Բայց 2013 թվականից գործարանը ֆինանսական դժվարությունների պատճառով դադարեցրեց աշխատանքը։
Մանուկյանի խոսքով` ֆինանսական խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ կառավարությունը գործարանին չտրամադրեց ԱԱՀ–ի մասով խոստացած արտոնությունները (սարքավորումների ներկրումից)։ Բացի այդ կառավարության հետ քննարկումների ժամանակ, որոնք եղել էին նախագծման փուլում, քննարկվում էր անասնաբուծական թափոնների (խոշոր անասնապահական ֆերմաների, թռչնաֆաբրիկաների) անվերահսկելի թափման համար տուգանքներ սահմանելու հնարավորությունը։ Եթե նրանց բնապահպանական տուգանքների սպառնալիքով պարտավորեցնեին վճարել վերամշակման համար (ոչ թե կոնկրետ Լուսակերտի գործարանում, այլ ընդհանրապես ցանկացած վայրում), հանրապետությունում այլընտրանքային էներգետիկա կզարգանար։ «Բայց, ցավոք, նման պահանջներ չընդունվեցին»,– ասաց Մանուկյանը։
Դրանից հետո գործարանը լքեցին նորվեգացի և դանիացի գործընկերները` նորվեգական «Vekst Foundation»–ը և դանիական զարգացման հիմնադրամը (գործարանի համաներդրողները), ինչպես նաև դանիական ինժեներական «Bigadan» ընկերությունը, որը տեխնոլոգիան էր կարգավորում։ Նորվեգացիներին պատկանում էր գործարանի բաժնետոմսերի 16%–ը, դանիացիներին` 13–ական տոկոսը։
«Բայց երբ կառավարությունը խախտեց այդ պայմանավորվածությունները, մեր գործընկերները մեկնեցին», – հավելեց Մանուկյանը։
Գործարանի համար հնարավոր չեղավ կարգավորել նաև carbon credits անվանումով հայտնի համակարգը, որի դեպքում ջերմոցային գազերի արտանետումները կրճատող ձեռնարկությունները վարկեր են ստանում յուրաքանչյուր տնտեսած արտանետման տոննայի համար, այնուհետև այդ վարկերը կարող են վաճառել այն ընկերություններին, որոնք գերազանցում են թույլատրելի արտանետումները։ Տեսականորեն Լուսակերտի գործարանը հարմար էր այդ սխեմայի համար, քանի որ կանխում էր մեթանի արտանետումները թափոններից (ծերտ, գոմաղբ)։ Բայց Հայաստանում նման շուկա չի ձևավորվել, միջազգային շուկայում էլ հավատարմագրում ստանալ չի հաջողվել։ Նախագծի համաձայն` Լուսակերտի թռչնաֆաբրիկայից կենսագազի տանկերներին պետք է խողովակաշար անցկացվեր, որպեսզի թափոններն այնտեղ չտեղափոխվեին բաց երկնքի տակով։ Բայց խողովակներ չկառուցեցին, ծերտն էլ բեռնատարներով էին մոտեցնում։
Նախագծի այդ մասը ևս նախատեսվում էր ավարտին հասցնել, երբ կառավարությունը ազատեր ներկրվող սարքավորումների ԱԱՀ–ից, ինչպես նաև պարտավորեցներ ագրարային ընկերություններին վերամշակել թափոնները։
«Վերջնարդյունքում մենք կունենային ոչ միայն գազ, այլև պարարտանյութ, որը կկարողանայինք վերադարձնել ֆերմաներին կամ էլ վաճառել։ Նման պրակտիկա գործնականում կիրառվում է արտերկրում։ Մեզ մոտ, ցավոք, դրա համար իրավական հիմքեր չկան», – հավելեց Մանուկյանը։
Նման պայմաններում հնարավոր չեղավ գործարանի համար նաև տեղացի տեխնոլոգներ պատրաստել (նրանց հրավիրում էին Դանիայից)։
2019 թվականին Մանուկյանների ընտանիքը փորձեց վերականգնել գործարանը, մաքրեց տանկերները և փորձեց կրկին լուծել ներմուծվող սարքավորումների հետ կապված հարկային հարցերը, սակայն կառավարության հետ բանակցությունները նորից որևէ արդյունք չտվեցին։
Դրանից քիչ հետո դադարեց գործել նաև Լուսակերտի թռչնաֆաբրիկան։ Այսօր Մանուկյանների հետ առնչություն չունեցող մեկ այլ արտադրող բրոյլերային տնտեսություն է հիմնել տարածքում, սակայն ֆաբրիկայի հիմնական մասն անտեր է մնացել։ Դրանից օգտվում են գունավոր մետաղի որսով զբաղվողները։
«Դեռ նախորդ դեկտեմբերին սարքավորումներն այնպիսի վիճակում էին, որ համեմատաբար քիչ ծախսերով հնարավոր կլիներ աշխատանքային վիճակի բերել։ Բայց հանուն մի քանի հարյուր գրամ պղնձի գործարանի թանկարժեք գեներատորը փչացրին», – նշեց Մանուկյանը։
Նշենք, որ նախկինում Լուսակերտի թռչնաֆաբրիկան և կենսագազի գործարանը կառավարում էր ձեռներեց և պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը կյանքից հեռացավ 2019 թվականին։