ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին` ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ արտաքին գերատեսչությունից հույս են հայտնել, որ ավերիչ երկրաշարժից տուժածների ընտանինքներն ու հարազատներն ուժ կգտնեն իրենց մեջ` հաղթահարելու ողբերգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է երկրի արևմտյան նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով: ՀՀ ԱԳՆ–ն այս հաղորդագրությունը հրապարակել է X–ի միկրոբլոգում։
«Մենք հույս ունենք, որ տուժածների ընտանիքներն ու հարազատները ուժ կունենան` հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաղորդել էր Աֆղանստանի արևմուտքում մինչև 6,4 մագնիտուդ ուժգնությամբ մի քանի երկրաշարժերի մասին: Զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, ավելի քան 9 հազարը վիրավորվել են։